ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչո՞ւ է հեղափոխությունը խժռում իր զավակներին

Ինչո՞ւ է հեղափոխությունը խժռում իր զավակներին
03.02.2019 | 12:44

Այլևս ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է պետական կառավարման ճգնաժամ: Արտաքուստ ճգնաժամն արտահայտվում է կառավարության կառուցվածքի անորոշությամբ ու ձգձգվող քննարկումներով, հակասական հայտարարություններով` մեկ փող ենք խնայում, մեկ օպտիմալանում ենք, մեկ խնդիր ենք դնում բացառել իրավասությունների պատճենումն ու կրկնությունը: Միով բանիվ` չունենք հստակ պատկերացում ի՞նչ Հայաստան ենք ուզում ունենալ ու ինչպե՞ս և դեգերում ենք նախարարությունների զիգզագներում` քանի՞սը լինեն ու քանի՞սը չլինեն: Իրականում ճգնաժամը շատ ավելի խորքային է ու կառավարության կառուցվածքի անորոշությունն ու անհայտությունը միայն մեկ դրսևորումն է: Ճգնաժամի ամենաուղղակի արտահայտությունը դարձավ պարգևավճարների թեման` իր զարգացումներում: Հրապարակավ շատերն իրենց պարտքը համարեցին թվեր հրապարակելն ու զայրանալը` ինչպե՞ս կարելի է: Արդար զայրույթ է: Բայց դա հետևանք է: Ո՞րն է պատճառը: Իսկ պատճառը օրենսդրության մեջ է` նորանշանակ մարզպետներն ու նախարարները, մյուս պաշտոնյաները հիանալի պաշտպանություն ունեն` օրենքը: Նրանք օրենք չեն խախտել: Կամ` խախտել են մասնակի` պարգևատրելով իրենց պես նորանշանակ աշխատակիցներին, գերազանցելով պարգևավճարի գումարը: Հարցը նաև բարոյական հարթություն փոխադրվեց` իսկ բարոյական իրավունք ունե՞ն նոր Հայաստանի պաշտոնյաները այդքան ազատ վարվելու պետության գումարների հետ: Ուրեմն` ո՞րն է նրանց տարբերությունը ՀՀԿ-ից, եթե շարունակում են քայլել նրանց նվիրական ոտնահետքերով: Ահա այստեղ է ճգնաժամի հիմքը: Կա՞ տարբերություն: Թե՞ գործում է «Երեկ` ես, այսօր` դու, վաղը` նա» սկզբունքը:

Հասարակությունը ուզում է, որ հեղափոխությունից հետո նոր պաշտոնյաները չառաջնորդվեն նախկինների սկզբունքներով, ու դա արդարացի պահանջ է: Բայց հասարակությունը իր բազմազանության ու բազմակարծության մեջ չի ուզում ընդունել, որ պետական կառավարումը մեխանիկական գործընթաց կամ թվաբանական գործողություն չէ, որտեղ 2+2 բոլոր դեպքերում պետք է հավասարվի 4-ի: Կառավարման ճգնաժամի չերևացող հատվածում շարունակվում են նախկին գործընթացները` երբ նույն թիմի տարբեր անդամներ (նախկինում` նույն կուսակցության տարբեր խմբեր կամ դեմքեր) սկսում են պայքարել միմյանց դեմ` օգտագործելով հրապարակային փաստերը իրենց անձնական նկրտումների ու շահերի համար: Սա օրեցօր առավել ակնհայտ է դառնում ու ամեն ինչ հատվում է (նախկինի պես) մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի (իմա` նախկինում Սերժ Սարգսյանի) անձնական օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշմանը: Այսինքն` պետական կառավարման համակարգում սկզբունքներն ու օրինաչափությունները դադարում են գործել ու որոշիչ է դառնում պետության առաջին դեմքի կամքը: Սա արդեն դասական ճգնաժամի հատկանիշ է: Ու ժամանակն է ընդունել, որ հիմա ապրում ենք հենց այդ ժամանակում:


Երևանի քաղաքապետն ու մարզպետները, հետո նախարարները հերթով սկսեցին ընդունել, որ տարեվերջին պարգևատրել են իրենց աշխատակիցներին, ոմանք ընդունեցին, որ չափազանցումներ են եղել, ոմանք` ոչ: Բայց փաստ է, որ նրանք բոլորը մղվեցին մի կողմ ու ասպարեզում մնաց ՊԵԿ-ը, և մամուլում սկսեցին շրջանառվել ՊԵԿ-ի նախագահի պաշտոնանկության լուրերը: Մի քանի աշխատակիցների հետ: Ինչու՞ համապետական սկանդալի շանթարգել է դառնում հենց Դավիթ Անանյանը: Սեփական օգնականներին կամ քարտուղարուհիներին չպարգևատրած «շեֆեր» չեն լինում ու չեն եղել: Բայց փոխարինող փնտրում են միայն Դավիթ Անանյանի համար: Ինչու՞ ոչ Երևանի քաղաքապետի, ինչու՞ ոչ մարզպետների ու նախարարների:


Նույն այն Դավիթ Անանյանի, ում մասին նոյեմբերի 1-ին գրում էին, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ՀՀ պատմության մեջ ռեկորդային չափի գումար:
Եվ ոչ այլ ոք, հենց Նիկոլ Փաշինյանն էր Ազգային ժողովում ասում, որ խոսակցությունները, թե տնտեսությունն անկում է ապրում, տեղին չեն ու տեղեկացնում էր, որ ՊԵԿ-ը սեպտեմբերին հավաքագրել է ավելի քան 120 մլրդ դրամ: «Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի եղել»,- ասում էր վարչապետի պաշտոնակատարը: Հենց նա էր ասում, որ նախորդ ամիսներին լարված են եղել գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները, բայց վերջին հավաքագրումից հետո պարզ է դառնում, որ այստեղ էլ կա բարիկադների ապամոնտաժում. «Սա շատ կարևոր փաստ եմ համարում: Պետք է ընդունենք, որ վերջին 5 ամիսներին գործարարների և ՊԵԿ-ի հարաբերությունները որոշակի լարված էին, և այս ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ երկխոսության նոր փուլ է սկսվում»:


Փաստացի` հիմա սկսվել է այլ փուլ, և այդ փուլն ունի այլ օրենքներ:
Հիմա արդեն հաշվի չի առնվում, որ նույն Դավիթ Անանյանը պաշտոնավարման ընթացքում իրեն թույլ է տվել հարկային դաշտ բերել նրանց, որ աշխարհի բոլոր դաշտերը անգիր գիտեին, բացի հարկայինից, որ թույլ չի տվել տրիվիալ գողություն իր համակարգում, որ ստուգումներով մտել է այնտեղ, որտեղ էլի Հայաստանի տարածք է, բայց ոչ հարկայինի համար, օրինակ` ՀԿԵ և բացահայտել` ինչ չէր կարելի բացահայտել: Ու եթե կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում և իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման, ոչ թե ՊԵԿ-ը պիտի անհարմար իրավիճակում լինի, այլ` կոնցեսիոն նման պայմանագիր կնքողները, որ Հայաստանի իրավապահներին խաղից դուրս են դրել` ստեղծելով անվերահսկելիության իրավիճակ: Կամ` Հարավ-Հյուսիսի հարցու՞մ է շատ ջանացել, ասենք, «Սահակյանշին» ՓԲ ընկերության հարցում ու պարզել է, որ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա է 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն: Որ կաշառք չի վերցրել ու չի թողել վերցնեն, որովհետև հավատացել է վարչապետին, որ Հայաստանում կոռուպցիան վերացված է: Որովհետև պարզապես գործը հասկանում է ու… հենց դրա համար հիմնական հարվածները ստանում է «Իմ քայլը» դաշինքից: Որովհետև համապետական սկանդալը պահանջում է քավության նոխազ ու … ընտրվել է Դավիթ Անանյա՞նը: Իսկ կա՞ մեկը, որ կերաշխավորի գործող օրենքներով ու տիրապետող բարոյականության պատկերացումներով` ՊԵԿ հաջորդ նախագահը գալու է ու վստահ աշխատի, որ մի կես տարուց իրեն չեն հանելու, եթե աշխատանքին զուգահեռ ու աշխատանքից առաջ ու հետո չտրվի մուտիլովկաների ու իր դեմ մուտիլովկաները չեզոքացնելու հույժ անխուսափելի գործընթացին:
Ո՞վ է լինելու այդ կամիկաձեն` գա, վարկաբեկվի, գնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հեղափոխությունը սկսում է խժռել իր զավակներին, երբ դոփում է տեղում ու չգիտի` ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը: Երեկ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման է եկել վարչապետը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասել է, որ պարգևավճարների հարցն էլ է քննարկման օրակարգում եղել ու կրկնել է` ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը` միլիոններով պարգևավճար ստացած ՊԵԿ-ում այս տարի չափը կվերանայվի. «Ինչպես վարչապետը արդեն հայտարարել է, այս հանդիպման ժամանակ նույնպես նշեց այդ հանգամանքը, որ ՊԵԿ-ի պարգևավճարների ընդհանուր բյուջեն ուղիղ կեսով՝ 50 տոկոսով կրճատվել է 2019-ի համար։ Սա արդեն կարևոր քայլ է, կարծում եմ, այսինքն՝ այս խմորումները, քննարկումները, խնդրի բարձրաձայնումը արդեն իսկ արձագանք ստացել է և լուծումներ ստանում է»: Եվ Լիլիթ Մակունցը լրագրողներին ժամանակ չի տվել նոր հարցերի, ասենք, կառավարությունում չկա՞ր մեկը, որ իմանար 13-րդ աշխատավարձի ֆենոմենի մասին ու դեկտեմբերի կեսերին այդ հարցը դարձներ քննարկման առարկա` տալի՞ս ենք, չե՞նք տալիս, նո՞ր օրինագիծ ենք գրում, գումա՞ր ենք կրճատում: Թե՞ հրաշալի համաժողովրդական սկանդալ էր պետք` ազատվելու անցանկալիներից, որ այս ընթացքում ի հայտ են եկել իրենց շարքերում:


Կրկնում եմ` խնդիրը ՊԵԿ-ը ու Դավիթ Անանյանը չեն, խնդիրը կառավարման ճգնաժամն է, որի գիտակցումն իսկ չկա, մինչդեռ դառը պտուղները դառնում են վատնված գումարներ ու անվերջանալի շահարկումներ: Պետությունը պարտավոր է հարգել իր պաշտոնյային, ոչ թե ոտատակ տալ ֆորս մաժորների ժամանակ: Իսկ ֆորսմաժորային կառավարումը արդեն ճգնաժամի վերին գալարն է:

Դիտվել է՝ 2775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ